Հայ-չինական մշակույթի օրեր Երևանում

By on 19:44

[smartslider3 slider=2]

Երևանում փետրվարի 8-25-ն առաջին անգամ անցկացվելու են հայ-չինական մշակույթի օրեր, որն այսուհետ կրելու է ավանդական բնույթ: Ինչպես փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի կազմակերպիչներից «Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիա»-ի նախագահ Տիգրան Չոբանյանը, այս օրերին Չինաստանում անցկացվում է գլխավոր տոններից մեկը` Չինական նոր տարին կամ Գարնան տոնը, որի կապակցությամբ էլ անցկացվում է միջոցառումը:

Ըստ նրա` մշակույթի օրերի շրջանակներում ամբողջ փետրվար ամսվա ընթացքում իրականացվելու է միջոցառումների շարք. Մասնավորապես, փետրվարի 8-ին Ճարտարապետների միությունում կատարվելու է չինական նոր տարվա տոնակատարություն, փետրվարի 11-ին ցուցադրվելու է չինական գեղագրության (կալիգրաֆիա) ստեղծումը, փետրվարի 18-ին` «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրությունը» ֆիլմը, որը պատմելու է հնագիտական գտածոների և անհայտ պատմական իրողությունների մասին:
Փետրվարի 15-ին «Ակումբ»-ում կազմակերպվելու է չինական թեյախմություն և հայկական խոտաբույսերի, թրմերի համտեսում, իսկ փետրվարի 22-ին նույն վայրում մասնակիցները սովորելու են գծել չինական հիերոգլիֆները, ծանոթանալ դրանց բովանդակությանը:
Հայ-չինական մշակույթի օրերն ավարտվելու են փետրվարի 25-ին, այդ օրը Ճարտարապետների միությունում անցկացվելու է երկու ժողովուրդների ռազմապարերի ցուցադրություն:
Տ. Չոբանյանի խոսքերով, հայկական և չինական մշակույթներն ունեն ինչպես տարբերություններ, այնպես էլ շատ ընդհանրություններ, որոնց ծանոթանալն անհրաժեշտություն է:
«Հայ-չինական օրերի անցկացման նպատակն է լրատվամիջոցների միջոցով հայ հասարակությանը ծանոթացնել չինակական մշակույթին, ավանդույթներին, մասնագետների օգնությամբ անցկացվելու են վարպետության դասընթացներ մարտարվեստի և ռազմապարերի հետ կապված»,- ասաց Տ. Չոբանյանը` հավելելով, որ որպես միջոցառումների մասնակից ընտրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Նրա կարծիքով`միջոցառումները դրական ազդեցություն կունենան հասարակության վրա, քանի որ երկու ազգերի մշակութային արժեքների տարածումը կօգնի հայ հասարակությանը վերագտնել հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունը:
Հայ-չինական մշակութային օրերի մեկա այլ կազմակերպիչ, Երևանում Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանի խոսքերով` Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններ հաստատվել են շատ վաղ ժամանակներից, այդ հարցում իր էական նշանակությունն է ունեցել Մետաքսի ճանապարհը:
Նրա փոխանցմամբ` այդ ժամանակներից մինչ օրս Չինաստանը հասցրել է աշխարհին այնպես ներկայանալ, որ ամբողջ աշխարհը ծանոթ է չինական մշակույթին, իսկ հայկական մշակույթը ոչ պատշաճ մակարդակով է ներկայացված:

[smartslider3 slider=3]

Ի. Մուրադյանի պնդմամբ` ներկայումս հայերը շատ բան ունեն չին ժողովրդից սովորելու:
«Մենք միջոցառումների մասնակիցներին հաճելիորեն կզարմացնենք մինչ օրս անհայտ պատմություններով, որոնք վկայում են հայերի և չինացիների միջև եղած սերտ փոխգործակցության մասին, մասնավորապես, Հայաստանի և Չինաստանի միջև բավականին ակտիվ առևտրաշրջանառություն է տեղի ունեցել Մետաքսի ճանապարհի շնորհիվ: Հայերը Չինաստան են արտահանել Որդան կարմիրը, իսկ եվրոպացի առևտրականները հայկական կտորից պատրաստված զգեստներ են հագել Չինաստան մուտք գործելու իրավունք ստանալու համար»,- ընդգծեց Ի. Մուրադյանը:
Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ (Թաուլու) «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր
Ռոբերտ Վարդումյանի փոխանցմամբ` հայ-չինական մշակույթի օրերի շրջանակներում ուշագրավ է լինելու թեյախմության արարողության կազմակերպումը և իրականցումը, ինչպես նաև ռազմապարերի և ինքնապաշտպանական մարտերի ցուցադրությունը:
Նրա խոսքերով` չինական ինքնապաշտպանական մարտերը ցուցադրելու են «Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիա»-ի անդամները, իսկ հայկական ռազմապարերը ներկայացնելու են Գագիկ Գինոսյանը և «Կարին» ավանդական երգի-պարի համույթը:


Հայաստանում հայ-չինական մշակութային փառատոնի անցկացումը դառնալու է ավանդական: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փառատոնի կազմակերպիչներից` «Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայ»-ի  նախագահ Տիգրան Չոբանյանը` ամփոփելով Երևանում փետրվարի 8-25-ն անցկացված հայ-չինական մշակութային փառատոնի արդյունքները:
Ըստ նրա` փառատոնի շրջանակներում անցկացված վեց միջոցառումներն անցկացվել են համաձայն ծրագրի և ճշգրիտ ժամանակացույցի:
«Այս վեց միջոցառումներում մարդկանց ընդգրկվածությունն ու նրանց կողմից ցուցաբերված հետարքրությունը մեզ թույլ են տալիս պնդելու, որ փառատոնը հաջողված էր, իսկ արդյունքները սպասվածից ավելին էին»,- ասաց Տ. Չոբանյանը` հավելելով, որ փառատոնի մասնակիցների թիվը գերազանցել է հինգ տասնյակը:
Նրա խոսքերով` միջոցառումների ընթացքում շեշտադրված է եղել հայ-չինական մշակույթների միջև ընդահանրությունների վեր հանումը, ինչը մեծ հետարքրություն է առաջացրել փառատոնի  մասնակիցների շրջանում. «Ինձ հատկապես հուզեց վերջին միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկի այն դիտարկումը, թե միջոցառումները չպետք է ավարտվեն, քանի որ դրանք մասնակիցների համար դարձել են ապրելակերպ»:
Անդրադառնալով փառատոնի անցկացման հարցում աջակցություն ցուցաբերած կազմակերպություններին` Տ. Չոբանյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայ-չինական ասոցիացիային, «Կարին» ավանդական երգի և պարի համույթին, Հայաստանի Ճարտարապետների միությանը, «Ակումբ»-ին,  «Pepsi» ընկերությանը, «Արփի» գինիների գործարանին,  «Սինխուան» և «Նոյյան Տապան» լրատվական գործակալություններին:
Հայ-չինական փառատոնի մեկ այլ կազմակերպիչ, «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Լիլիա Կարապետյանի խոսքերով` իր սպասումները լիովին արդարացել են, ավելին` զարմացրել է հայերի կողմից չինական մշակույթի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունից:
«Միջոցառումները շատ լավ ու տպավորիչ անցան, ինձ հատկապես ուրախացրեց կալիգրաֆիային նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին ինչպես մեծահասակները, այնպես էլ փոքրիկները»,- ընդգծեց Լ. Կարապետյանը:
Վերջինիս փոխանցմամբ` հաջորդ տարի նախատեսված միջոցառումների ընթացքում ավելացնելու են մասնագիտական շեշտադրումները, նաև հրավիրելու են չինացի մասնագետների տարբեր ոլորտներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four × 1 =