Այս օրերին Երևանում անցկացվում է Չինական նոր տարվան կամ Գարնան տոնին նվիրված Հայ-չինական մշակութային փառատոնը
Չինական նոր տարին կամ Գարնան տոնն այս տարի նշվում է հունվարի 28-ին: Այս կապակցությամբ Երևանում երկրորդ անգամ անցկացվում է Հայ-Չինական մշակութային փառատոնը, որի նպատակն է ցույց տալ համաշխարհային պատմության մեջ երկու հսկայական մշակույթների` հայկականի և չինականի ընդհանրությունները, նմանություններն ու տարբերությունները:
Փառատոնի մեկնարկային առաջին միջոցառումը նվիրված է հայկական գինու և չինական թեյի ծագման, զարգացման դարավոր պատմությանը: Ներկաններին Ակումբի սոմելյեն փառատոնի գործընկեր Վան Արդի ընկերության կարմիր անապակ գինու օրինակով ծանոթացնում է գինու շիշը բացելու, այն գավաթների մեջ լցնելու, համտեսելու ընդունված կանոններին:
Հայ-չինական փառատոնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցներին հյուրասիրելու համար «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Ռոբերտ Վարդումյանն էլ ընտրել է չինական ամենահայտնի և թանկարժեք Դահունպաո թեյը, որը թարգմանաբար նշանակում է «մեծ կարմիր խալաթ»:
Ինչպես 6000 տարվա պատմություն ունեցող հայկական գինին, այնպես էլ 5000 տարվա պատմություն ունեցող չինական թեյը, բացի պատրաստման, մատուցման և համտեսման հատուկ արարողակարգերից, ունեն նաև բուժիչ հատկություն և հնագույն ժամանակներում ավելի շատ օգտագործվել են բժշկության մեջ:
Փառատոնի կազմակերիչների համոզմամբ` հայկական և չինական մշակույթի որոշ ոլորտներում կան այնպիսի ընդհանրություններ, որոնց մասին քչերը գիտեն, հետևաբար նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են մարդկությանը տեղեկացնելու Հայաստանի և Չինաստանի հնագույն մշակութային արժեքների մասին:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»