Հայ-չինական մշակութային փառատոնի առաջին միջոցառումը նվիրված է դարերի պատմություն ունեցող հայկական գինուն և չինական թեյին

By on 09:07

30c92d37Այս օրերին Երևանում անցկացվում է Չինական նոր տարվան կամ Գարնան տոնին նվիրված Հայ-չինական մշակութային փառատոնը

 

Չինական նոր տարին կամ Գարնան տոնն այս տարի նշվում է հունվարի 28-ին: Այս կապակցությամբ Երևանում երկրորդ անգամ անցկացվում է Հայ-Չինական մշակութային փառատոնը, որի նպատակն է ցույց տալ համաշխարհային պատմության մեջ երկու հսկայական մշակույթների` հայկականի և չինականի ընդհանրությունները, նմանություններն ու տարբերությունները:

Փառատոնի մեկնարկային առաջին միջոցառումը նվիրված է հայկական գինու և չինական թեյի ծագման, զարգացման դարավոր պատմությանը: Ներկաններին Ակումբի սոմելյեն փառատոնի գործընկեր Վան Արդի ընկերության կարմիր անապակ գինու օրինակով ծանոթացնում է  գինու շիշը բացելու, այն գավաթների մեջ լցնելու, համտեսելու ընդունված կանոններին:

Հայ-չինական փառատոնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցներին հյուրասիրելու համար «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Ռոբերտ Վարդումյանն էլ ընտրել է չինական ամենահայտնի և թանկարժեք Դահունպաո թեյը, որը թարգմանաբար նշանակում է «մեծ կարմիր խալաթ»:
Ինչպես 6000 տարվա պատմություն ունեցող հայկական գինին, այնպես էլ 5000 տարվա պատմություն ունեցող չինական թեյը, բացի պատրաստման, մատուցման և համտեսման հատուկ արարողակարգերից, ունեն նաև բուժիչ հատկություն և հնագույն ժամանակներում ավելի շատ օգտագործվել են բժշկության մեջ:
Փառատոնի կազմակերիչների համոզմամբ`  հայկական և չինական մշակույթի որոշ ոլորտներում կան այնպիսի  ընդհանրություններ, որոնց մասին քչերը գիտեն, հետևաբար նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են մարդկությանը տեղեկացնելու Հայաստանի և Չինաստանի հնագույն մշակութային արժեքների մասին:
 Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

 


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 + 15 =